Մարդիկ տարբեր են ու տարբեր հետաքրքրություններ ունեն, բայց չեն կարող միայնակ լինել՝ մաուգլիների ժամանակը չէ, հասարակությունը ունենում է ընդհանուր խնդիրներ ու պարտականություններ: Մարդկանց ընդհանրությունը միշտ չէ, որ հասարակություն է դառնում, առավել հաճախ նրանք ամբոխ են, իսկ ամբոխը գնահատում է ամբոխահաճությունը, որից ոչինչ երբևէ չի ծնվել: Բացի օրընթաց շահից ու հաճույքից:
Pew Research Center ամերիկյան կազմակերպությունը ինքնատիպ հետազոտություն է անցկացրել Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային տարածքում: Պարզվել է՝ Հայաստանի բնակչության 81 %-ն իր երկիրը կրոնական է համարում, 82 %-ը կարծում է, որ կրոնը սերտ կապված է ազգային ինքնության հետ: Աստծուն հավատում է 95 %-ը, ամեն օր աղոթում է 45 %-ը: 79 %-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ուղղափառ քրիստոնյաներին: 83 %-ը համարում է, որ ուժեղ Ռուսաստան է պետք Արևմուտքի ազդեցությունը հավասարակշռելու համար: 66 %-ը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում Արևմուտքի հետ սերտ համագործակցությունը: ԽՍՀՄ փլուզումը վատ է համարում 79 %-ը, լավ՝ 15 %-ը: 53 %-ը ժողովրդավարությունը նախընտրում է կառավարման մյուս ձևերից: 37 %-ը ռազմական սպառնալիք է համարում Ռուսաստանը, 24 %-ը՝ մեծ սպառնալիք, 13 %-ը՝ փոքր, 58 %-ը սպառնալիք չի համարում: Քառօրյա պատերազմից հետո էլ: Ինչպե՞ս համադրել այս թվերը: Ոչ մի կերպ՝ հայերը տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեն և ունեցել են միշտ: Երևանի ավագանու ընտրությունները՝ ապացույց: Վերջին շաբաթը՝ հատկապես: Ընտրությունների օրը՝ առանձնապես: Մայիսի 14-ին Երևանի ավագանու ամենասկանդալային ընտրություններն էին՝ հակառակ տաղտուկ ընտրարշավի: Սկանդալները սկսվեցին ամենասկզբից, բայց ոչ ոք դա սկանդալ չորակեց, որ ավագանու ընտրություններից հրաժարվեցին խորհրդարանական ու արտախորհրդարանական դարձած կուսակցությունները, մնացին ՀՀԿ-ն, «Ելքը» և մեկամսյա «Երկիր ծիրանին»:
Այդպես քաղաքային ասպարեզում հայտնվեցին Տարոնը, Նիկոլը, Զարուհին:
Ի՞նչ սպասելիքներ նրանցից պետք է ունենային երևանցիները: Տարոն Մարգարյանը՝ հետխորհրդային տիպիկ պաշտոնյա, որ ոտքով ման է գալիս միայն իր տանը, հաջողակ, հարուստ, կաղապարված մտածողությամբ կուսակցական, երբեք գայթակղություն չի ունեցել Ա կետից Բ-ն գնալիս կանգ առնել Գ կետում: Նա շարունակ հայտարարում էր, որ հանդիպում է ընտրողների հետ, բայց դա չափազանցություն էր: Բոլոր հանդիպումներից մեկ ժամ առաջ հայտնվում էր նրա մեծ բաները, բարձրախոսներով թնդում էր խլացուցիչ երաժշտություն, կամաց-կամաց տարածքը լցվում էր ՀՀԿ-ականներով՝ ավելի շատ, քան բնակիչները: Հանդիպումներում նրան ուղեկցում էին թիմի տարբեր անդամներ, որ նաև ելույթներ էին ունենում: Եթե որևէ մեկը որոշեր, որ ում ընտրելու հարցին պատասխանելու է թեկնածուի հետ հանդիպումից հետո, Տարոն Մարգարյանի դեպքում նրան չէր ընտրի: Մարտին Վարդազարյանը, Լևոն Իգիթյանը, Հովիկ Մուսայելյանը, Աստղիկ Գևորգյանը, Սմբատ Լպուտյանը և մյուսները (առանց բացառության) հակագովազդ էին անում բովանդակային ոչինչ չասող, պաթետիկ ելույթներով, որոնց մեջ թեմային վերաբերողը մյուս թեկնածուների քննադատությունն էր, բայց ոչ սեփական ծրագիրը ու թեկնածուին ներկայացնելը:
Նրանցից հետո Տարոն Մարգարյանի խոսքը հնչում էր իբրև ամենահասկանալին, բայց՝ միայն ընդհանուր ֆրազներով: Հիմնական միտքը, որ քիչ թե շատ հոդաբաշխ էր հնչում՝ ծրագրեր ունենք, որ պետք է շարունակենք, տվեք ձեր քվեն «Հանուն Երևանի»: Իրեն ուղեկցող լրագրողներից գործող քաղաքապետը, որպես կանոն, խուսափում էր՝ հայտարարելով՝ մարդկանց է հանդիպելու: Հանդիպումը այդքանն էր՝ եկան, աղմկեցին, խոսեցին, գնացին: Նորից կգան հինգ տարի հետո:
Ի՞նչ էր անում Նիկոլը: Նախ՝ բաղաձայն երգեց «Էրեբունի-Երևանը», բայց նա նպատակ չուներ նվաճել Լա Սկալայի բեմը, հետո հայտարարեց՝ «Երևան ջան, ելք կա» ու շարունակեց թիմով, որ աշխատում էր ծրագրված ու արդյունավետ, թաղամաս առ թաղամաս, բակ առ բակ շրջել մայրաքաղաքով, ցատկել տանիքներն ու խոսել մարդկանց հետ: Գյուտեր չէր անում, ասում էր՝ ինչ պիտի ասեր, բայց շփվում էր բոլորի հետ, ոչ մեկից չէր խուսափում, լուսանկարում էր տեսածն ու տարածում Ֆեյսբուքով: Այդպես այնքան աղբ հայտնվեց սոցիալական ցանցերում, որ «Սանիթեքը» մինչև հաջորդ ընտրություններ չի հասցնի մաքրել: Վերջին շաբաթում սենսացիոն հայտարարություն արեց՝ 15000 դրամ սոցիալական վճարի մասին ու մինչև ընտրությունները վիճում էին՝ ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ: ԿԸՀ-ն խոստացավ ու այդպես էլ չներկայացրեց գնահատականը: Փաստացի՝ «Ելքի» քաղաքապետի թեկնածուն բարձրացրեց ընտրակաշառքի չափն ու ապացուցեց, որ սեպը սեպով են հանում, եթե հնարավոր չէ փակել ոչ կաշառք տալու, ոչ վերցնելու դուռը, ինքն էլ հրաշալի հասկանալով, որ դա ելք չէ: Համենայն դեպս՝ «Ելքի» ելքը չէ: Իզուր չէր Նիկոլ Փաշինյանն այդքան ասում, որ քաղաքը պետք է մաքրել՝ վերջին օրով «Սանիթեքի» աղբամանում գտնված փաստաթղթերը ընտրակաշառքի իրեղեն ապացույցներ էին, բայց ոչ ՀՀԿ-ի համար՝ վարչապետից ԿԸՀ ու դատարաններ: Նիկոլը միակն էր, որ պատրաստ էր հեռուստաբանավեճի, նրան «չհասկացան» ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ Զարուհի Փոստանջյանը:
«Երկիր ծիրանին» լուծեց ինքնաճանաչման խնդիրը՝ ընտրացուցակներում հօգուտ կանանց խախտելով համամասնությունը, կուսակցականների ու անկուսակցականների համադրումը, բայց և գրանցվելուց հետո Զարուհի Փոստանջյանը հասցրեց սպիտակ «Կաբրիոլետով» ճեմել Հանրապետության հրապարակում (թեպետ թիրախը կառավարությունը չէր), մեկնել ու վերադառնալ Կարս ու Անի (Էրդողանի գլուխը խառն էր, թե չէ կգար՝ կդիմավորեր), իսկ ընտրության օրն արեց այն՝ ինչ մեկ ամիս խոստանում էր՝ գրավեց: Բայց ոչ թե քաղաքապետարանը, այլ գործող քաղաքապետի Ավանի շտաբը: Որ Զարուհի Փոստանջյանը անհավասարակշիռ է ու անկանխատեսելի, գիտեն՝ Երևանից Ստրասբուրգ, բայց նման գրոհ նրանից հազիվ թե որևէ մեկը սպասում էր: Գոնե ՀՀԿ-ում: Զարուհին ի սկզբանե ավագանու ընտրությունները քաղաքականացրեց՝ նա հայտարարում էր, որ գրավելու է Արգիշտի 1-ը, որ գրավի Հայաստանը: Իզուր նրան լուրջ չէին ընդունում: Ընտրություններից առաջ նույնիսկ քննարկվում էր նրա մասնակցությունը «Ելքի» հետ, բայց ընտրությունների վերջին շաբաթում Զարուհին պատրաստ էր դատի տալ Նիկոլին՝ իր «հակաօրինական» առաջարկի համար: Այսինքն՝ բարեհաջող շարունակում էր ՀՀԿ-ի գործը՝ մրցակցին դատափետելով՝ սեփական դափնեպսակի տերևները հավաքել:
Թեպետ նա հայտարարում էր, որ մրցակիցը ՀՀԿ-ն է, պայքարը «Ելքի» դեմ էր: Որքան «Ելքը» խուսափում էր գնահատականներ տալ «Երկիր ծիրանիին» ու Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, այնքան բացահայտ էր դառնում «Ելքի» դեմ նրա կռիվը: Իսկ վերջում Զարուհին նոկաուտի մատնեց ՀՀԿ-ին՝ դստեր ուղեղի ցնցման գնով: Մրցակցի շտաբից ընտրակաշառքի ցուցակները ընտրությունների օրը պահանջելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ թատրոն, որ ոչ մեկին, իրենից բացի, պետք չէր: Դա շոու էր՝ անիմաստ ու անհեթեթ, որ ուղեկցվում էր ընտրությունների հետ կապ չունեցող հայտարարություններով: Նզովքի ու անեծքի ժանրը նոր որակ է բերում հայկական քաղաքականություն: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո ժանրը սկսեց զարգացնել Լևոն Տեր-Պետրոսյանը, ավագանու ընտրությունների ժամանակ զարկ տվեց Զարուհի Փոստանջյանը, բայց նրա կանացի լուտանքները ոչ վախեցնում են, ոչ մտածել տալիս, սոսկ զվարճալի են՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածվելու ու հանգիստ չապրելու կանխատեսումներով: Ոչ միայն Տարոնի, նաև՝ ՀՀԿ-ի: «Մենք ունենք մեծ թիմ, համախոհների լայն շրջանակ ողջ աշխարհով մեկ, ովքեր պատրաստ են այնպիսի գործընթացներ հարուցելու, որ այլևս չի լինելու հումանիտար ճանապարհ, լինելու է մի ճանապարհ, որը տանելու է դեպի դատախազություն»՝ հայտարարեց զայրացած Զարուհին: Չկարծեք, որ նա՝ հակառակ ընտրակաշառքին, կեղծ դիտորդներին, ոստիկանությանը բախումներին, դստեր ուղեղի ցնցումին, չի ընդունի ընտրության արդյունքները: Ոչ:
«Ասում ենք, որ ցանկացած կեղծված երևույթ ճանաչելու ենք իր անվամբ, գողերին ասելու ենք իրենց անուններով: Տարոն Մարգարյանը ցանկանո՞ւմ է որպես գող նշանակվել նորից քաղաքապետ, իրեն սպասելու է դժոխքը և նաև իր ղեկավարին: Նա օր ու արև չի ունենալու»: Եթե իսկապես Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են (քաղաքական է ցանկացած ընտրություն, եթե քաղաքական ուժերն են մասնակցում), հակաքաղաքական է «Երկիր ծիրանիի» ու նրա նախագահի պահվածքը: Փաստացի՝ ընտրակաշառքի դեմ պայքարի իր տարբերակը նա գտավ մենակ պատերազմ հայտարարելու ու կապիտուլյացիա պահանջելու մեջ՝ պարտվելու պարագայում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի՞ է վերածվելու Երևանի ավագանու աշխատանքը՝ «Երկիր ծիրանիի» կատարմամբ: Ֆորս մաժոր՝ առավոտից մինչև հաջորդ առավոտ, երբ հերթական մերժումից հետո Զարուհի Փոստանջյանը պիկետ է անում Տարոն Մարգարյանի դռանն ու ասում՝ «Օր ու արև չեմ տալու, աշխատանքի չես գնալու, քո տեղը դժոխքն է»: Կամ՝ տուն է մտնում ու պահանջում գրպաններն ու դարակները դատարկել… Երևանի բոլոր թատրոնները կարող են փակվել, Արգիշտի 1-ը հերիք է: Մեկ դերասանի թատրոնը կփոխարինի բոլոր թատրոնների բոլոր դերասաններին: Եվ ՀՀԿ-ն կհասկանա իր դարակազմիկ սխալը՝ ինչո՞ւ Զարուհուն չտարան Բաղրամյան 19: Արփինե Հովհաննիսյանի՞ն խնայեցին, թե՞ Տարոն Մարգարյանին են պատժում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ընտրություններից ընտրություններ՝ վարչապետները գալիս են-գնում՝ Հայկական աշխարհը չկա, գետերն ու առուները հոսում են, ջուրը չի մաքրվում, դրայվը, դուխը, գմփոցը կան-չկան՝ մեկ է, քաղաքական ուժերն ու քաղաքացիները իրենց պահում են Մաուգլիի նման, որ տեսակի պահպանության խնդիր ուներ ջունգլիներում:
Մայրաքաղաքը կունենա ավագանի, որի խնդիրը նորից կլինի տրանսպորտը, աղբահանությունը, ջրամատակարարումը, ճանապարհների փոսալցումը, միջազգային փորձի ուսումնասիրումն ու հերթական ընտրությունը: Երևանի ու երևանցիների մասին թող մտածեն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842147 քաղաքացիներից ընտրություններին մասնացել է 345 226-ը, ընտրողների 40,99 %-ը։ ՀՀԿ-ն կարող է տոնել հերթական հաղթանակը, բայց ընդամենը 40,99 %-ի շրջանակներում, մեծամասնության մեջ երևանցին չգնաց ընտրության: Անձրևն էլ խանգարեց: Ընտրության չգնաց ընդդիմադիր ընտրազանգվածը, ոչ թե նրանք, որ գոհ էին ՀՀԿ-ի գործող քաղաքապետից: Գնացողները ԱԺ ընտրությունների նման՝ գերադասեցին կանխիկ ֆինանսականը, ապագա քաղաքականից: Տարոնի ոտքը հինգ տարի նորից գետնին չի դիպչի, Նիկոլը կմնա ԱԺ պատգամավոր, «Ելքի» ջահելները կգնան քաղաքապետարան, Զարուհու ծիրանը սպասված բերքը չտվեց, ու նա դատի կտա Արգիշտիին: Երևանցիներին կմնան իրենց կեղտոտ փողոցները, հատվող ծառերն ու փոշին, ճռճռան երթուղայիններն ու մեկ օրում աշխատած մի քանի հազարը: Հայաստանում Աստծուն հավատում է 95 %-ը, ամեն օր աղոթում է 45 %-ը, Աստված մի օր նրանց ձայնը կլսի: ՀՀԿ-ն, որ նախնական արդյունքներով ստացավ 240036 ձայն (71,25 %), Աստծո հետ իր հարաբերություններն ունի, «Ելքը» ՀՀԿ-ի հացը կտրելու հույսով ընտրողներին տանը թողեց՝ ստանալով 70731 ձայն (21 %), «Երկիր ծիրանին» ծաղկեց 26109 ձայնով (7,75 %):
Հետընտրական գործընթացնե՞ր: Մի ծիծաղեցրեք: Ավագանու մանդատի համա՞ր: Երևանը մնաց մաուգլիներին, որ ապրում են քաղաքային ու քաղաքական ջունգլիներում և սիրում են, երբ իրենց շողոքորթում են՝ գոնե ամբոխահաճություն լինի, երբ ժողովրդավարությունը թղթի վրա է, գնվում ու վաճառվում է 5-20000 դրամով: 40,99 %-ի շրջանակներում: